Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

ՄԻՆՉ «ՏՈՆԱԿԱՆ ՍԵՂԱՆ» ԳՑԵԼԸ, ՄԵՐ «ՔՈՒՆՋ ՈՒ ՊՈՒՃԱԽԸ» ՄԱՔՐԵՆՔ

ՄԻՆՉ «ՏՈՆԱԿԱՆ ՍԵՂԱՆ» ԳՑԵԼԸ, ՄԵՐ «ՔՈՒՆՋ ՈՒ ՊՈՒՃԱԽԸ» ՄԱՔՐԵՆՔ
16.03.2012 | 00:00

Քանի որ, ոչ բարով, այս տարի գրքի համաշխարհային մայրաքաղաք ենք հայտարարված, ուրեմն դեռ այդ օրը չեկած, լավ կլինի տնավարի մեր բացերի մասին խոսենք, որ գոնե, մինչ հյուրերի առաջ «տոնական սեղան» գցելը, մեր «քունջ ու պուճախը» մաքրենք։ Թե չէ հինգ հարյուր տարվա գիրք տպագրող ժողովրդի ի՞նչը ցույց տանք։
Ինչպես գիտենք` մեր ազգի մոտ կեսը մայրաքաղաքում է ապրում (տեսնես, էլի ազգեր կա՞ն, որոնց հալալ կեսն իրենց մայրաքաղաքում ապրի) ու այդ կեսն էլ, որ մոտ մեկ միլիոն է, ընդամենը մի քանի գրախանութ ունի։ Այսինքն, մեր ազգի միջին հաշվով ամեն կես միլիոն բնակչին մի գրախանութ է ընկնում (տեսնես, էլի ազգեր կա՞ն, որ այդքան անգրագետ լինեն, որ այդքան գրախանութը հերիքի իրենց)։ Հիմա, իհարկե, կընդվզի շատերի մաշտոցյան ոգին, որ հայ ազգին անգրագետ համարեցի, բայց հարգելիս, եթե այդ մեծարված սրբի գիրն ու լեզուն ունես, այդ ինչպե՞ս ես հանդուրժում, որ քաղաքիդ գրախանութները մեկը մյուսի հետևից փակվեն, տեղը բանկեր ու օֆիսներ սարքեն։ Թե՞ չես տեսել ինչպես են նախկին գրախանութների տեղում կանանց ամոթույքները հազիվ ծածկող, «թզի տերևներ» հիշեցնող ժամանակակից շրջազգեստներ ու այլ «զրթուզիբիլ» վաճառում։
Գործերի բերումով տարբեր երկրներում եմ եղել, ու բնական է, որ մտավոր մարդը, «փալաս- փուլուսի» խանութներից բացի, նաև գրախանութներ հաճախի։ Չնայած օտար լեզուների հարցում խիստ թերի եմ, բայց գիրքն անբացատրելի իր միջազգային «լեզուն» ունի, դա նրա էության արժեքն է, քանի որ լուրջ գրքերը համամարդկային մշակութային գլուխգործոց են, իսկ գրողի համար` ծննդյան ցավեր քաշող ծնողի հոգատարության ու տառապանքի արդյունք։ Եթե ընթերցողը նաև գրող է, ինձ կհասկանա, իսկ եթե ոչ, ապա թող հաստատ իմանա, որ այդպես է։ Հավաստիացնում եմ, որ լուրջ երկրներում գրախանութներին ամենալուրջ տեղն են տալիս, քանզի լավ գիտեն, որ հիմա «խելքի» դար է, ոչ թե ուժի, «զոռբայութան»։ Իսկ երբ դասավանդում էի Երուսաղեմում (թող ընթերցողը ների, որ այդ քաղաքում եղածս օրերից հաճախ եմ մեջբերումներ անում, դրանք ըստ անհրաժեշտության են, որովհետև Իսրայելն ու Հայաստանը իրենց փոքրությամբ, մուսուլմանական հակադրությամբ ու աշխարհածավալ սփյուռքով համեմատելի շատ եզրեր ունեն), բնական է, նաև գրախանութներ էի այցելում, քանի որ այնտեղ ռուսահրեա սփյուռքի համար շատ հետաքրքիր գրքեր կային։ ՈՒ ինձ միշտ զարմացրել է հրեա ազգի մեծ հարգանքը գիր-գրականության և կռապաշտության հասնող մեծարանքը ոսկու հանդեպ։ Այդ երկրի ամենաակնառու խանութները հենց այդ երկու արժեքներին են առնչվում, քանզի դրանք ազգային կեցության ու հարատևման հիմքն են հանդիսանում։ Գուցե և այնտեղի գրախանութներում շատ մարդ չտեսնես, բայց հաստատ իմացիր, որ մարդը իր ենթագիտակցության մեջ միշտ գրքի հանդեպ հարգանք կունենա, քանզի պատվականը իր պատվին է արժանի։ Եվ զուր չէ, որ աշխարհի բոլոր երկրներում գտնվող հրեաները միշտ աչքի են ընկել իրենց իմացության մակարդակով։ Իսկ Ռուսաստանից ներգաղթածներին ձեռքերի վրա են ընդունում։ Թե ինչի համար են այդ շոյանքները մեծ երկրից գաղթողների համար, տեղեկանում ենք հրեական լրատվությունից: Ըստ որի, այդ երկրից վերադարձողների մեծ մասը բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք են, որոնց մտքի ազատությունը Ավետյաց երկրում կարճ ժամանակամիջոցում տվեց աներևակայելի արդյունքներ, և Իսրայելն այսօր ԱՄՆ-ից հետո երկրորդ պետությունն է նորարարությունների գծով: Այդ «ուղեղների» 100-հազարանոց բանակը, արդեն ասացինք, կարողացավ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության շնորհիվ արտադրել գերձայնային, գերժամանակակից ռազմական ինքնաթիռներ, ինչը հատուկ է միայն զարգացած ու հարուստ երկրներին: Այս էլ ասենք, որ, վերջին տվյալներով, միայն Իսրայելի «ուղեղային բազան» հավասարազոր է Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրների ուղեղային պոտենցիալին: Լավ իմանալով ուղեղի արժեքը, վերջերս Իսրայելի կառավարությունը որոշել է կես տարով կրճատել բանակում ծառայելու ժամկետը, որովհետև, նրանց ասելով, բոլոր նորարարական հայտնագործությունների գերակշռող մասը կատարվում է մինչև 30 տարեկան հասակը: Հիմա հասկացա՞ք, թե ինչու են գիր ու գրականության հանդեպ խոնարհվում ոսկուն համարժեք։
Մի ժամանակ մեր հայ առևտրականներն աշխարհին հայտնի էին իրենց հմտությամբ ու հաջողակ լինելու հանգամանքով, բայց գիտե՞ք, որ դա հենց այնպես, ճարպկության ու ստի միջոցով չի եղել, ինչպես անում են ժամանակակից առևտրականները։ Մեր խելոք նախնիները, լավ հասկանալով Աստծո զորության ու Նրա տված իմաստության կարևորությունը, իրենց գումարներից 1513 թ. մասնաբաժին հանեցին առաջին գրքերից մեկի` Պարզատումարի համար (ճանապարհորդական տոմարագիրք է), որպեսզի հեռավոր ու երկարատև ճամփորդության դուրս եկած հայ քրիստոնյան իմանա իր եկեղեցու տոների ճշգրիտ օրերը, մանավանդ սուրբ Զատկի տոնը, որ ժամանակին պահի իր պահքն ու համապատասխան աղոթքներն անի։
Այժմ համեմատական զուգահեռներ տարեք հայաստանյան ներկա վիճակի հետ ու ինքներդ եզրակացություն արեք։ Այդքանը դեռ քիչ է, հենց այս օրերին էլ խաչակրաց արշավանք է սկսվել արդեն եղած գրախանութների հանդեպ, որպեսզի բարձրացնեն այնտեղից գանձվող շահութահարկը. ո՞ւմ հաշվին. իհարկե, իմ ու քո, որովհետև գրախանութներից պետական գանձարանը լցնել ցանկացող իշխանավոր-չինովնիկներն առանց հասկանալու դատարկում են ազգի մարդկանց ուղեղները (միգուցե իրենց ուզածն էլ հենց ա՞յդ է)։ Այդպես մտածողները կամ իրենք գիրք չեն կարդում, բացի չինովնիկական տեղեկություններից, կամ էլ ազգադավ ծրագրի են մասնակցում։ Բայց, կարծում եմ, որ առաջին տարբերակն առավել մոտ է իրականությանը, թե չէ ի՞նչ է նշանակում մի գրքի վրա 50 և ավելի, մինչև 100 տոկոս վերադիր դնել, որ գրախանութը կարողանա իր գոյությունը պահպանել, որի արդյունքում գնորդը պետք է գրքի համարյա կրկնակին վճարի։ Դրանից նաև օգտվում են գրախանութի տնօրենները և, այսպես ասած, ոչ եկամտաբեր գրքեր չեն ընդունում։ Իսկ «փող» բերող գրքերը մենք արդեն գիտենք, որ թեթևսոլիկ, մերկանդամ գունավոր լուսանկարներով համեմվածներն են՝ «Կամասուտրայի» մակարդակի ընթերցողների համար, իսկ, ասենք, ազգային արժեք ներկայացնող հայոց մատենագիրներն ու բարոյախրատական գրքերն էլ մոդայիկ չեն։ Սրանք դատարկ խոսքեր չեն, այլ ստուգված փաստեր, զորօրինակ, Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի գրքերը, որոնցում ոչ միայն հոգևոր, այլև ազգային հարցեր են քննվում (ընտանիքի, երեխաների դաստիարակության բնագավառներից), գրախանութներում կամ անտեսված են, կամ մի կողմ են շարված, որպես մակուլատուրա։ Ե՞րբ է կամայականություններին վերջ տրվելու, ո՞վ է չափորոշիչ դնում` որ գիրքը վաճառել, որը` ոչ, ի՞նչ է, կոմունիստական Գլավլիտի ժամանակների շորշոփից դեռ չե՞նք ձերբազատվել։
Երբ արտասահմանից հյուր ես ունենում, խաշ ու խորովածից հետո ո՞ւր ես ուղեկցում նրան` ջրաշխա՞րհ, թե՞ Մատենադարան, որտեղ ազգի ուղեղային շտեմարանն է, ստադիո՞ն, թե՞ Գեղարդավանք, որտեղ մագաղաթներ են ծաղկել ի զարմանս եկող սերունդների։ Դեռ ինչքա՞ն պետք է անբան տզրուկների նման մեր նախնիների արածով ուռճանանք, ու ինքներս ամլահոգի մնանք։ Այժմյան մեր գրքի շուկայի վիճակի, հատուկենտ ընթերցողներին եղած գրքերից զրկելու վատ արձագանքները հաջորդ սերնդի վրա կզգանք, երբ ոչ թե հայոց զուլալ ու մաքուր ադաթներով կխոսեն ձեզ հետ ձեր իսկ երեխաները, այլ եվրաչափանիշներով «զինված» ձեզ դատարաններ քարշ կտան ասված մի թթու խոսքի համար։ Այն էլ ոնց կզգաք, երբ անչափահաս ձեր դուստրերը «բոյֆրենդ»՝ մինչամուսնական զբաղմունքի տղերք կբերեն ձեր տուն, իսկ դու ծպտուն հանելու իրավունք չես ունենա։
Ասածիս ապագա սցենարը մի փոքրիկ գրատան տնօրեն պատմեց վերջերս։ Մի մայր որդու հետ եկել էր գրախանութ, որ ծննդյան առթիվ երեխայի ուզած գիրքը գնի։ Երեխան, գրքերը նայելով, ներքին մղումով ցանկանում է «Սասունցի Դավիթ»-ն ունենալ։ Մայրը զարմացած իր երեխայի «անճաշակությունից», հենց տեղում ուղղում է զավակի «շեղվածությունը» և առաջարկում ավելի թանկ մի գիրք՝ «Գարրի Պոտեր»։ Երեխան դիմադրում է, բայց ոչ երկար, որովհետև ժամանակակից հայացքներով մաման «բուլդոզեր»-ի համառությամբ պարտադրում է իր ճաշակը, քանի որ պետք է ժամանակին համընթաց գնալ։ Բայց կգա ժամանակը, ու չեմ կասկածում, այդ երեխան Գարրի Պոտերից ավելի լավ «օյիններ» կխաղա իր մամայի գլխին...
Վերջերս գրքաշխարհի դեմ ծավալված հայտնի արշավանքից հոգնած, ուզեցի գնալ Թումանյանի տուն-թանգարան։ Վեր տանող աստիճանների ձնահետքերից հասկացա, որ, թանգարանի աշխատակիցներից զատ, հազիվ թե այս տունն այդ օրն այցելուներ ունեցած լինի։ Այդպես էլ կար։ Շրջեցի դատարկ դահլիճներում, զննեցի մեծ գրողի թողած մտքի արժեքները։ Վերջապես հասա այն սենյակին, որտեղ նրա անձնական գրադարանն էր։ Այն, ինչ տեսա և՛ զարմացրեց ինձ, և՛ հասկացրեց Թումանյանի հանճարի առեղծվածի մի մասը։ Այդ հայորդին օտար երկրում մի այնպիսի բազմազան, բազմաքանակ ու ընտիր գրքեր էր հավաքել իր ձեռքի տակ, որին թերևս մեր Ազգային գրադարանն ու Մատենադարանը կամ ակադեմիական գրապահոցը գերազանցեին։ Հաստափոր բառարաններն ու մանուկների համար հրատարակված օտարալեզու բարալիկ գրքերը նույն սիրով էին միմյանց կողքի շարված, իսկ Գրիգոր Նարեկացին ու Ներսես Շնորհալին, մյուս հոգևոր գանձերի հետ մեկտեղ նրա հոգին զորացնողների կողքին էին, քանզի հայ մարդն առանց դրանց արժեքների ընկալման ընդամենը ճամարտակող լեզվագար է։ Այդ բոլոր գրքերի նեկտարն ու բուրմունքն անխոնջ մեղվի նման հավաքելով` մեծն հայորդին մեր մանուկներին է հրամցրել «Մի կաթիլ մեղրը»` «Գիքորի» հետ մեկտեղ։ Հիմա էլի՞ չհասկացանք, որ գրքերը մտքի ծաղիկներ են, որոնցից պետք է օգտվի մարդը, որ բարի և քաղցր պտուղներ տա։
Ազգային օրհասի ժամանակ գիրն ու մագաղաթը, գանձերն ու երեխեքին հավասար արժեքավորած, սուրբ մասունք-գրքերը շալակներին հետները բերած մեր ազգի մնացորդի ձեռքից վերջին գրքերն են փորձում գողանալ ապազգային ջոջերը։ Կարծում եք, դրանցից մեկը կկարդա՞ այս գրվածքն ու մտորելով գլուխը կքորի՞, որ մտածելու մոռացված շարժում է, ու կասի ինքն իրեն. հա՛ էլի, էս ի՞նչ «ղալաթ» ենք անում էս խեղճ ժողովրդին մի քանի գրքից զրկելով, թողնենք, թող կարդան ու զբաղվեն, որ միտինգ ու գործադուլ (հե՜յ գիտի, կարծես թե գործ ունենք, որ գործադուլ անենք) չանեն։
Բայց, ո՜վ գիտի, կարող է…
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1983

Մեկնաբանություններ